Սկսվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի 2-օրյա այցը ԱՄՆ: Նա Քալիֆորնիա է գնացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման: Սպիտակ տանն ընդգծում են այցի ոչ պաշտոնական ձեւաչափը: Հանդիպման գլխավոր թեման կիբեռհանցագործությունն է: 

Վաշինգթոնը մեկ անգամ չէ, որ Չինաստանին մեղադրել է իր ենթակառուցվածքների վրա հաքերային հարձակումներ գործելու մեջ: Մարտի կեսերին ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Թոմաս Դոնիլոնը ակնարկել է, որ խոսքը մանրամասնորեն նախապատրաստված ակցիայի մասին է, որն արտոնված է չինական բարձրաստիօան պաշտոնյաների կողմից:

Չինաստանում մինչեւ հիմա էլ այդ մեղադրանքները հերքում են` նշելով, որ իրենք էլ են հաքքերական հարձակումների զոհ դարձել: Չինաստանի ինտերնետ-անվտագության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց տրամադրության տակ կան բազմաթիվ ապացույցներ, որ ԱՄՆ-ի հաքերները հարձակումներ են իրականացրել Չինաստանի վրա:

Փորձագետները կարծում են, որ Չինաստանի նախագահն ստիպված կլինի մանրամասն բացատրություն տալ ԱՄՆ կառավարությանը: Միաժամանակ Օբամայի ադմինիստրացիայի անդամները չեն սպասում, որ Քալիֆորնիայում կայանալիք հանդիպումն արագ արդյունքներ կտա: «Նորմալ երկխոսություն ունենալու ուղղությամբ առաջին քայլը կարող էր լինել Չինաստանի կողմից նման խնդրի առկայության փաստ ընդունելը: Դրանից հետո մենք պատրաստ ենք երկու պետությունների միջեւ լավ փոխհարաբերությունների հաստատմանն ուղղված նոր մոդելներ մշակել»:

Ինչպես նշում է NEWSru.com-ը, սա Սի Ցզինպինի առաջին այցն է ԱՄՆ Չինաստանի նախագահի պաշտոնում: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Փալմ-Սփրինգս քաղաքի Sunnylands կալվածքում: Արտասահմանյան այցի ընթացքում Չինաստանի նախագահին ուղեկցելու է նրա կինը` Պեն Լիյուան: Այցում «միսիս Սիի» դերակատարությունը հասցվել է մինիմումի: Հակառակ սովորության` նա անգամ չի հանդիպի Միշել Օբամայի հետ: Սպիտակ տանն այս փաստը նրբնկատորեն հիմնավորում են ԱՄՆ-ի առաջին տիկնոջ` ընտանեկան հարցերով զբաղված լինելու պատճառաբանությամբ: