Մայիսի 31-ից հունիսի 6-ը Տոկիոյի CHANEL NEXUS HALL սրահում անցկացվել է Young Concert Artists կազմակերպության նախաձեռնած երաժշտական փառատոնի շաբաթը:
Այս տարի փառատոնին մասնակցել են տարբեր երկրներից ընտրված ինը երիտասարդ կատարողներ, նաեւ ճապոնացի հրավիրված արտիստներ: Փառատոնի մենակատարներից մեկը հայ կլարնետիստ Նարեկ Հարությունյանն էր, ում հմուտ եւ ինքնատիպ կատարումները ճապոնացի հանդիսատեսն ունկնդրել է մեծ հիացմունքով:
1961թ. ստեղծված Young Concert Artists կազմակերպությունը ամենամյա միջազգային երաժշտական մրցույթների միջոցով բացահայտում է տաղանդաշատ երիտասարդ արտիստների եւ աջակցում նրանց կարիերայի մեկնարկին՝ փառատոններ կազմակերպելով բազմաթիվ երկրներում:
20-ամյա կլարնետիստ Նարեկ Հարությունյանը Young Concert Artists միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել 2010թ., որից հետո իր առաջին հաջող մենահամերգներն է ունեցել Միացյալ Նահանգներում: Նա ուսում է ստացել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, այժմ սովորում է Նյու-Յորքի The Juilliard School երաժշտական արվեստի ինստիտուտում: Նրա կլարնետը հանրահայտ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի անձնական նվերն է:




























