Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի համալսարանի պատվիրակությանը` արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստի գլխավորությամբ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ Հալեի համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Շտեֆան Ռաբանոսը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Հալլե-Վիտտենբերգի համալսարանում գործող «Մաշտոց» կենտրոնի գործունեությանը` կարեւորելով հայագիտության ուսումնասիրությունը ոչ միայն Գերմանիայի բուհերում, այլ նաեւ ողջ Եվրոպական Միության տարածքում:
Նախարարն ընդգծել է, որ պետք է անել հնարավորը` հայոց եւ գերմաներեն լեզուների եւ միջմշակութային համագործակցության զարգացումը խթանելու համար:
Պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստն իր հերթին նշել է, որ 2014 թվականին լրանում է հայ-գերմանական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որի առթիվ նախատեսվում է մեծ գիտաժողով անցկացնել` հայ եւ գերմանացի գիտնականների մասնակցությամբ: Ըստ հյուրի` գիտաժողովը կարելի է նվիրել նաեւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Պրոռեկտորը նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է Գերմանիա կատարած այցելության ընթացքում լինել նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/, ինչպես նաեւ երկու երկրներում գիտական գործունեության, մասնավորապես, ատենախոսությունների պաշտպանության հետ կապված խնդիրներին:




























