Այսօր` հունիսի 8-ին Հայաստանի ԱԻ նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք եւ տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն։
Նպատակներն են`
• կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման եւ հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ.
• ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ եւ Ֆրանսիայի դեպանատան միջեւ:
Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, ԱԻ արձագանքման խումբը, 2 մեկական մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ հաշվարկ, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան աշխատակիցներ, ֆրանսահպատակ քաղաքացիներ, ՀՀ ճանապարհային ոստիկանության 3 հաշվարկ, Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից 3 բրիգադ:
Ըստ մտահղացման` Կոտայքի մարզի Գառնի գյուղից 12 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 7.1 մագնիտուտով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի հետեւանքով առավել մեծ «ավերածություններ» են գրանցվել ՀՀ Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանում: Մայրաքաղաքում ամբողջությամբ փլուզվել է մոտ 15 հազար շենք-շինություն, բռնկվել է 28 խոշոր հրդեհ, կոմունալ-էներգետիկ ցանցում առկա են բազմաթիվ խոշոր վթարներ, փլվածքների հետեւանքով փակվել են փողոցներ եւ ճանապարհներ: Մասնավորապես՝ Երեւանում շենք-շինությունների փլուզման հետեւանքով ամբողջությամբ փակ են Սեբաստիա եւ Կիեւյան փողոցները, Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները, Կիեւյան կամուրջը վնասվել է եւ վտանգ է ներկայացնում տրանսպորտային միջոցներով երթեւեկության համար:
Երկրաշարժի հետեւանքով հրդեհ էր բռնկվել նաեւ Երեւանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցում, որտեղ ուսանում են ֆրանսահպատակ քաղաքացիների երեխաները։ Կան պայմանական տուժածներ։
Ներսում գտնվող մանկավարժներն ու դպրոցի աշակերտներն արագ կարգով տարհանվեցին, ինչից հետո դպրոցի տնօրենի ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն իրականացրեցին հետախոզություն եւ սկսեցին հրդեհաշիջման աշխատանքները։ Հրշեջ-փրկարարներն «այրվող» շենքի երկրորդ հարկի պատուհանից պայմանական տուժածներից երկուսին դուրս բերեցին ավտոսանդուղքի, իսկ չորսին` պարանների միջոցով։ «Տուժածներին» առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վերջիններս շտապօգնութան մեքենաներով տեղափոխվեցին համապատասխան բուժհիմնարկներ:
Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո դպրոցի տնօրեն Մարտին Բեքերն իր կարծիքը հայտնեց միջոցառման վերաբերյալ. «Նման ուսումնավարժությունները շատ կարեւոր են մեզ համար, քանի որ Հայաստանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Այս մեկը հերթական անգամ ապացուցեց, որ հայ հրշեջ-փրկարարները հիանալի են կատարում իրենց աշխատանքը»:
Այդ ընթացքում դեսպանատան ներկայացուցիչը գալիս է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ, արբանյակային կապ հաստատում դեսպանատան հետ եւ, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, պարբերաբար տեղեկություններ հաղորդում դեսպանին։
Սցենարի համաձայն` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ազդարարումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը որոշում է օդային ճանապարհով տարհանել ֆրանսահպատակ քաղաքացիներին։ Վերջիններս հավաքվում են նախապես որոշված վայրերում («Թումո» կենտրոնի, Մերգելյան ինստիտուտի եւ Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցի մոտ), որտեղից էլ սահմանված երթուղով տեղափոխվում «Էրեբունի» օդանավակայան։
Ուսումնավարժության բոլոր մասնակիցների` 94 հոգի, որոնցից 22-ը երեխա, պայմանական տարհանման վայր հասնելուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանին զեկուցեց միջոցառման ավարտի եւ ուսումնավարժության բարեհաջող ընթացքի մասին:




























