ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Աֆղանստանում վրացի զինծառայողների մահվան կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Վրաստանը շուտով ՆԱՏՕ-ի անդամ կդառնա:
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին միանալու համար եւ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկված երկրներից Վրաստանն ամենամեծաթիվ զորակազմն ունի Աֆղանստանում:
«Քերրին հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Վրաստանը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն ու կքննարկեն երկրների միջեւ ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները:
Իվանիշվիլիին շնորհակալություն է հայտնել Ջոն Քերրիին ցավակցության եւ Վրաստանի ծանր պահին ցուցաբերած աջակցության համար:




























