Հյուսիսատլանտյան դաշինքը միացել է Աֆղանստանում ծառայող վրացի զինվորների, նրանց ընտանիքների եւ Վրաստանի նախագահի հասցեին ապառնալիքներ պարունակող տեսանյութի ուսումնասիրմանը: Այս մասին հայտնել է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Ըստ նրա՝ «շուտով վրացական կառավարության հետ համատեղ կպարզեն տեսանյութի ծագումը»:

«Կատարվածի կապակցությամբ գլխավոր քարտուղարը ISAF-ի հրամանատարությանը կարգադրել է ստանալ վրացի զինծառայողների անվտանգությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը», - հայտարարել է  Ապաթուրայը:

Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հայտնել է, որ այս գործով հետաքննությունը վարում է ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնը: Այս պահին քննությունը YouTube-ից եւ Google-ից տեսանյութի տեղակայման վերաբերյալ համապատասխան տեղեկատվության է սպասում:

Հիշեցնենք, նախօրեին YouTube-ում Աֆղանստանում ծառայող վրացի զինվորների հասցեին սպառնալիքներով տեսանյութ էր տեղակայվել, որը մեծ արձագանք էր գտել օրերս վրացի յոթ զինծառայողների մահվան ֆոնին: Շատերի կարծիքով՝ տեսանյութի հեղինակները հենց Վրաստանից են եղել: Իրավապահները փորձում են ճշտել դա:

Վրաստանում ճշտում են թալիբների սպառնալիքներով տեսանյութի իսկությունը: