Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ իրադարձությունների հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության քննադատական հայտարարությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը որոշակի փոփոխության է ենթարկել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը (ֆոտոռեպորտաժ)։

Թուրքագետի խոսքով՝ Արեւմուտքը Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանում գործիք, ոչ թե ինքնուրույն խաղացողի, ինչի ապացույցն էր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները։

«Նույնիսկ թուրքամետ սենատոր Ջոն ՄաքՔեյնը քննադատության ենթարկեց Էրդողանի կառավարությանը՝ հայտնելով, որ թուրքական հասարակության մեծ մասն Էրդողանին որպես բռնակալ են ընկալում։ Էրդողանի՝ չափից ավել ինքնահավան լինելն ու անկանխատեսելի վարքը դուր չի գալիս ԱՄՆ-ին եւ Եվրոպային։  Արեւմուտքին սուլթան Էրդողան պետք չէ»,-նշեց Իսպիրյանը։

Այն հարցին, թե ում է ձեռնտու Թուրքիայում տիրող խառնաշփոթը, թուրքագետը պատասխանեց, որ առաջին հերթին այն ձեռնատու է Սիրիային, քանի որ, Թուրքիայում զբաղված լինելով ներքին խնդիրներով, աչքաթող են անում Սիրիայում տեղի ունեցող գործընթացները։ «Սրա արդյունքում Ասադը հնարավորություն ունի «թայմ աութ» վերցնելու՝ ուժերը վերականգնելու եւ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի դեմ նոր գործողությունների անցնելու համար»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով, թե անկայուն Թուրքիան ձեռնտու է նաեւ Իրանին։

Անդրադառնալով այս իրավիճակի ազդեցությանը Հայաստանի վրա, Իսպիրյանը շեշտեց, թե դրանք Հայաստանին չեն վնասում, ավելին, այս ընթացում Թուրքիան հնարավորություն չի ունենա զբաղվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի դեմ։