Ուկրաինան եւ Թուրքիան նախատեսում են աշնանը ստորագրել ազատ առեւտրային գոտու վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը:

«Կփորձենք ազատ առեւտրային գոտու վերաբերյալ պայմանագիրը ստորագրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` այս տարվա աշնանը Թուրքիա կատարելի այցի ընթացքում»,-ասել է դիվանագետը` «Թուրքիա-Ուկրաինա» առեւտրա-ներդրումային առաքելության շրջանակներում:

Ինչպես ընդգծել է Սամսարը, երկրների նախագահների մակարդակում արված հայտարարություններն առաջխաղացման փուլում են: Խոսքը վերաբերում է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչը երկուստեք 50-60 տոկոսով ավելացրել է վիզաների տրամադրման գործընթացը:

Թուրքիայի համար հետաքրքրություն ներկայացնող ուկրաինական տնտեսության դինամիկորեն զարգացող ճյուղեր են IT-ոլորտը, գյուղատնտեսությունը եւ էներգետիկ սեկտորը, նշել է Սամսարը: «Մենք հավատում ենք, որ Սեւ ծովն արգելք չէ մեզ համար»,-նկատել է դիվանագետը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: