Ուկրաինայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի բարձրացումն այդ ուղղությամբ հայկական սփյուռքի բազմամյա ջանքերի  տրամաբանական շարունակությունն է: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը:

«Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է համաշխարհային միտում, եւ Ուկրաինան բացառություն չէ: Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նման օրինագծի ընդունումն ամենից առաջ ուղղված է այդ ահավոր իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելուն եւ հանրությանը ցանկացած ազգության նկատմամբ բռնության եւ ճնշման անթույլատրելիությունը հիշեցնելուն:

Կարեւոր է նաեւ գիտակցել, որ Ուկրաինայի խորհրդարանի սպասող որոշումն ուղղված չէ որեւէ երկրի կամ ժողովրդի դեմ,  այն ուղղված է ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը», - հայտնել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր գրանցվել: Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։

Ուկրաինայում ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը