Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լիբիական ճգնաժամի ժամանակ հետաքրքրվել է Մուամար Քադաֆիին վերացնելու հնարավորությամբ, գրում է իտալական Il Fatto Quotidiano թերթը: Բեռլուսկոնիի ներկայացուցիչը այդ տեղեկությունը կտրականապես հերքում է:

«Բեռլուսկոնին հարցրել է հատուկ ծառայություններին. «Դուք կարո՞ղ եք  սպանել Քադաֆիին» վերտառությամբ հոդվածի հեղինակը՝ վկայակոչելով «հեղինակավոր աղբյուրը», պնդում է, որ նման հարցով երկրի վարչապետը, ով բազմիցս հրապարակավ Քադաֆիին իր ընկերն է համարել, դիմել է այն ժամանակ, երբ Լիբիայում բախումներ էին ընթանում կառավարական ուժերի եւ ռեժիմի հակառակորդների միջեւ:

Պարբերականի վարկածով, Բեռլուսկոնին անհանգստացած է եղել նրանով, որ սերտ կապեր է ունեցել «լիբիական բռնակալի» հետ եւ ցանկացել է տարանջատվել նրանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բեռլուսկոնիի պաշտոնական ներկայացուցիչ Պաոլո Բոնայուտին թերթի ենթադրությունները «ամբողջովին կեղծ, անհեթեթ եւ անընդունելի» է համարել: