Թուրքիայի վարչապետ, իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքապետ ընտրված իր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Գեզի» այգու իրադարձություններին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵՄ-ի կողմից «Գեզի» այգու իրադարձությունների շուրջ Թուրքիայի իշխանություններին ուղղված քննադատությունները, հայտարարել է. «Այստեղից պատասխանում եմ նրանց, որ չեմ ճանաչելու Եվրամիության խորհրդարանում Թուրքիայի հետ կապ ունեցող ընդունված որոշումը։ Մինչ Թուրքիայի դեմ որոշում կայացնելը, թող Հունաստանին նայեն։ Երբ ժողովուրդը բախվեց ոստիկանների հետ, ԵՄ-ն ի՞նչ արեց բացի Հունաստանին գումար տալուց»։
Անդրադառնալով ոստիկանության կողմից օգտագործվող արցունքաբեր գազին, Էրդողանն ասել է, թե այն իրավական է եւ ոստիկանը կարգ ու կանոնը պահպանելու համար պետք է արցունքաբեր գազ օգտագործի։




























