Սպիտակ տունը զգալի ծախսերի պատճառով չեղյալ է հայտարարել Տանզանիայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սաֆարին, ուր նա պետք է այցելեր Աֆրիկայի երկրներում շրջագայելու ընթացքում:
Բարաք Օբամայի եւ իր կին Միշել Օբամայի երկժամյա շրջագայությունը Տանզանիայի Միկումի Ազգային պարկում կպահանջեր դիպուկահարների ներգրավում, որոնք կենդանիների հարձակման դեպքում կարող էին չեզոքացնել վտանգը: Ազգային պարկում զբոսանքի փոխարեն Օբաման կնոջ հետ կայցելի ՀԱՀ-ի Ռոբենեյլանդ կղզի, որտեղ բանտարկված է եղել Նելսոն Մանդելան, հայտնում է utro.ru-ն:
Այնուամենայնիվ, Աֆրիկայի երկրներով շրջագայությունը կպահանջի զգալի ֆինանսական ծախսեր: The Washington Post-ին վկայակոչելով՝ gazeta.ru-ն՝ գրում է, որ Օբամայի աֆրիկյան շրջագայությունը կարժենա 60-100 միլիոն դոլար:
Ըստ հրատարակչության՝ հարյուրավոր ամերիկացի գաղտնի գործակալներ ապահովելու են ԱՄՆ-ի նախագահի անվտանգությունը բոլոր երեք երկրներում: Անկանխատեսելի հանգամանքների դեպքում նախատեսվում է կիրառել ավիակիր կամ դեսանտային նավ՝ ամբողջությամբ բժշկական կենտրոնով համալրված:
Ռազմական բեռնատար օդանավերով Աֆրիկա կհասցնեն 56 տրանսպորտային միջոցներ, որոնց թվում՝ 14 լիմուզին եւ փամփուշտակայուն ապակիներով երեք բեռնատար: Բացի դրանից, «նախագահական տարածքի» երկնքում շուրջօրյա հերթապահելու են կործանիչները:
Բարաք եւ Միշել Օբամաները հունիսի 26-ից հուլիսի 3-ը կայցելեն Սենեգալ, ՀԱՀ եւ Տանզանիա:




























