Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում միայն 489 խոշոր հարկատուների կողմից գերավճարը  կազմել է գրեթե 110,8 մլրդ դրամ (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 33,4% է), այդ թվում ԱԱՀ-ի մասով` 66,1 մլրդ դրամ (աճը` 22,6%): Համեմատության համար նշենք, որ նույն տնտեսվարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունները կազմել են «ընդամենը»  35,1 մլրդ դրամ: Տարբերությունը տպավորիչ է...

Միաժամանակ հարկային քաղաքականությունում արմատական բարեփոխումների հնարավորություն կա, որոնք կընդլայնեն երկրում հարկային  բազան: Խոսքը ֆիզիկական անձանց շահաբաժինների մասին է, որն ստացվում է ձեռնարկատիրական գործունեությունից, բաժնետոմսերից:

Խնդիրն այն է, որ համաձայն մեր երկրի օրենսդրության,  ֆիզիկական անձանց շահույթը չի հարկվում:

Շարքային քաղաքացիներին նման հարկումը որեւէ կերպ չի սպառնա, քանի որ մեզանում զարգացած շատ երկրների նման «ժողովրդական կապիտալիզմ»  եւ գրեթե չի գործում արժեթղթերի շուկան:

Պատճառը հայտնի է. հայրենական գրեթե բոլոր առեւտրային ընկերությունները ՓԲ ընկերություններ են  կամ  ՍՊԸ-ներ, որոնցից յուրաքանչյուրը միայն մեկ սեփականատեր ունի:

Ստացվում է, որ  եկամտահարկի ծանրությունն ընկնում է միայն  վարձու աշխատողների վրա, ինչպես նաեւ անհատ ձեռնարակատերերի: Այսինքն, եթե աշխատավարձը մի փոքր անգամ գերազանցում է նվազագույնը, ապա «եկամտահարկ» գանձվում է, իսկ եթե շահաբաժինը համարժեք է մի քանի տասնյակ միլիոն դոլարի, ոչ մի գանձում չի արվում:

Միջազգային պրակտիկայում այդ հարցը լուծվում է բավականին լայն դիապազոնով: Եթե շահույթը չի հարկվում, ապա բարձրացվում է  կորպորացիայի հարկման շեմը: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ֆիզիակական անձանց շահույթը չի հարկվում, սական կորպորատիվ եկամուտի հարկը հասնում է 30%-ի (մեզ մոտ` 20%):

Շահաբաժնի հարկումն ինքնանպատակ չէ: Դրանով համալրվում է պետական բյուջեն, որոշ երկրներում` անգամ տեղական բյուջեն, ինչ-որ չափով հավասարեցվում են քաղաքացիների եկամուտները, չի նպաստում բեւեռացմանը:

Միաժամանակ, մեր երկրում կյանքի հետագա թանկացումը ավելի կխորացնի բեւեռացումը: Եւ հետեւաբար, միանգամայն հավանական է արտագաղթի ակտիվացումը...

Ալբերտ Խաչատրյան