Հունիսի 12-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանը դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալել է Բուլղարիայում կրոնական համայնքների Ազգային խորհրդին, որին անդամակցում են Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցին, Բուլղար ուղղափար եկեղեցին, Իսրաելական կենտրոնական հոգեւոր խորհուրդը, Կաթոլիկ եկեղեցին, Մուսուլմանական կրոնի հետեւորդները, Միացյալ ավետարանական եկեղեցին:
«Կանթեղ Արարատյան» կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա էր նաեւ Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը:
Ազգային խորհրդի անդամներն իրենց տպավորություններն են կիսել Հայաստան կատարած այցի վերաբերյալ: Ազգային խորհուրդի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, բոլորի անունից իր խորհին շնորհակալությունն է հայտնել դեսպանությանը` ցուցաբերած աջակցության համար:
Քննարկվել են ս.թ. փետրվարի 5-ին Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայում «Ազգային եւ կրոնական փոքրամասնությունների միջեւ հանդուրժողականության մասին» Հռչակագրի ստորագրմանը հաջորդող անելիքները: Կարեւորելով` հանդուրժողականության մթնոլորտի առկայությունը ոչ միայն բուլղար հասարակության մեջ, այլ նաեւ ողջ մարդկության մեջ հյուրերը մասնաորապես ներկայացրել են ս.թ. սեպտեմբերին կայանալիք «Մարդասիրություն Գիտություն Կրոն» խորագրով գիտաժողովի վերաբերյալ գաղափարը:




























