Հյուսիսատլանտյան դաշինքը լրջորեն անհանգստացած է ԱՄՆ-ի` սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու առնչությամբ հայտարարությունների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը լիովին անթույլատրելի է համարում, սակայն քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկելու: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հերթին Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները քիմիական զենքի կիրառման մասին սուտ են: «Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունները նախապատրաստվել են այնտեղ, որտեղ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքի մասին լուրերը: Օբաման հետեւում է Բուշի օրինակին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե իբրեւ Սիրիայի իշխանությունները ապստամբների դեմ մի քանի անգամ կիրառել են քիմիական զենք: Նախագահ Օբաման այդ առնչությամբ որոշում է կայացրել զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը: