Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտի ստեղծելու համար պահանջվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որը հազիվ թե ընդունվի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Լալիոն:
Ֆրանսիական «Le Figaro»-ն գրում է, որ մամուլի ասուլիսում Ֆիլիպ Լալիոն պատասխանել է այն դիտարկմանը, որ ամերիկացի զինվորականներն առաջարկում են ստեղծել թռիչքազերծ գոտի՝ սիրիացի ապստամբներին օգնելու համար: «Խնդիրն այն է, որ դա կարող է կատարվել միայն միջազգային մակարդակով », – ասել է նա: Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հավելել է, որ ԱԽ-ի որոշ մշտական անդամների՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի հակազդեցության պատճառով անհնար է դրա իրագործումը:
Ավելի վաղ որոշ արեւմտյան լրատվամիջոցներ, վկայակոչելով Թուրքիայում աշխատող ամերիկացի դիվանագետներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ն մտածում է Սիրիայի տարածքում՝ Հորդանանի սահմանին կից, այսպես կոչված թռիչքազերծ գոտու ստեղծման մասին:




























