Ավստրալիայի Fairfax Radio ռադիոկայանն աշխատանքից հեռացրել է իր առաջատար հաղորդավար Հովարդ Սաթլերին՝ երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդին անվայել  հարց ուղղելու պատճառով:  Դիջեյը հարցրել է, թե նրա կողակիցը նույնասեռակա՞ն է:

Սաթլերն ուղիղ եթերում  վարչապետի հետ զրույցի ժամանակ ենթադրել է. Թիմ Մեթիսոնը, որի հետ վարչապետն ապրում է արդեն յոթ տարի, «հավանաբար գեյ է, չէ՞ որ նա վարսավիր է»: Այդ հայտարարությունը նա արել է որոշ ասեկոսեների վրա հիմնվելով:  Վարչապետը պատասխանել է, որ վերջինիս դիտարկումն անհեթեթ է:  Սաթլերին հեռացրել են աշխատանքից եւ հայտարարել ներքին հետաքննություն սկսելու մասին: Ռադիոկայանը հրապարակավ ներողություն է խնդրել հաղորդավարի արարքի համար: Քննության ընթացքում ղեկավարությունը եկել է այն եզրակացությանը, որ Սաթլերի տված հարցերն անհարգալից են եղել եւ քաղաքական զրույցի հետ կապ չեն ունեցել, հաղորդում է «rbcDaily.ru»-ն:

«Վարչապետը պատասխանել է պարոն Սաթլերի հարցերին արժանապատվորեն եւ բավական  համբերատար», — նշվում է ռադիոկայանի հայտարարության մեջ: Գիլարդը հայտարարել է, որ հարցն իրեն տհաճություն է պատճառել:  «Ես կցանկանայի՝ աղջիկներն ու կանայք իմանային, որ կարող են ներգրավվել հասարակական կյանքում եւ քաղաքականության մեջ եւ   չբախվել այնպիսի հաղորդավարների, ինչպիսին  որ հարցաքննում էր ինձ երեկ », — ասել է Ավստրալիայի վարչապետը: