Թուրքիան դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջին-անդամը, որը Ուկրաինայի նկատմամբ առեւտրային պատժամիջոցներ է կիրառել: Այս մասին գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
Թուրքական պատվիրակությունը, համաձայն երաշխիքների մասին համաձայնագրի 12.5 հոդվածի, 2013թ հունիսի 12-ին ԱՀԿ ապրանքների առեւտրի խորհրդում գրանցել է տեղեկացում` զիջումների եւ այլ պարտականությունների դադարեցման մասին, որոնք նշվում են համաձայնագրի 8.2 հոդվածում:
Այսպիսով, արդեն 2013թ հուլիսի 12-ից թուրք սահմանային անցակետերի աշխատակիցները կկարողանան ներմուծվող ուկրաինական ընկույզից գանձել 43.2 տոկոս տուրք: Չնայած Ուկրաինայի համար փոքր կորստին` նմանատիպ պատժամիջոցները, որոնք կիրառվում են ԱՀԿ կանոնների համաձայն, կարող են նախադեպ դառնալ այլ երկրների համար, առաջին հերթին` ԵՄ երկրների եւ Ճապոնիայի:



























