Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:
Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը եւ զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ինչպես նաեւ Հայաստանի ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը. կենտրոնի շրջանավարտները ստանում են նաեւ Տեխասի А&М համալսարանի վկայական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Երեւանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին:
Մյուս խնդիրը, որը քննարկել են նախարարն ու դիվանագետը, վերաբերել է բուհերի միջազգային հավատարմագրմանը, մասնավորապես, նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երեւանի Մ.Հերացիի անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Քալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից, համաձայն որի` ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Քալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Նախարարը նաեւ Ջոն Հեֆերնին տեղեկացրել է, որ ներկայումս համալսարանը համապատասխան աշխատանքներ է տանում` Քալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով եւ ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առցանց կուրսերի, դիստանցիոն, ցկյանս կրթության հիմնախնդիրներին, մասնավորապես, կողմերը քննարկել են այդ թեմայով համապատասխան սեմինար անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում կներկայացվի ամերիկյան հայտնի բուհերի փորձն ու օրինակը` դիստանցիոն կրթության ոլորտում:
Ամերիկյան կողմն անդրադարձել է նաեւ Հայաստանում բիզնես կրթության ներդրման եւ դրա զարգացման հնարավորությանը, որին ի պատասխան` նախարարն ընդգծել է, որ նմանատիպ կրթությունը համեմատաբար թանկ ծառայություն է` այն նախեւառաջ պայմանավորելով համապատասխան կրթական բովանդակության բացակայությամբ:Դեսպանին հետաքրքրել է նաեւ Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որի համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է երրորդ ընթերցմամբ ընդունել «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի` մինչեւ 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառականության սկզբունքը: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության, օրինակ, լսողության, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներ, որտեղ երեխաները կընդունվեն միայն բժշկահոգեբանամանկավարժական-փորձագիտական կենտրոնի տրամադրած ուղեգրով:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ Հայաստանում տնտեսագիտական կրթությանը, բուհերի ինքնավարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ:




























