ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների վերաբերյալ նոր բացահայտումներ է կատարում Bloomberg գործակալությունը` վկայակոչելով «տվյալ գործընթացին ծանոթ չորս մարդու»: Գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ-ի հազարավոր մասնավոր ընկերություններ համագործակցում են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:
Համագործակցությանը մասնակից են հազարավոր տեխնոլոգիական, ֆինանսական եւ արտադրական ընկերություններ, այդ թվում նաեւ մեքենաներ եւ ծրագրային ապահովում արտադրող ընկերություններ, բանկեր, համացանցում անվտանգություն ապահովող ընկերություններ, արբանյակային ընկերություններ եւ այլն:
Որոշ դեպքերում հավաքված տեղեկությունը կարող է օգտագործվել ոչ միայն երկրի պաշտպանոթյան համար, այլեւ հակառակորդների համակարգիչներ մուտք գործելուն, հայտնում է գործակալությունը: Հրապարակման մեջ ասվում է, որ Microsoft-ն ԱՄՆ-ի հետախուզությանը տեղեկացնում է իր ծրագրայինսխալների մասին` նախքան դրանց հրապարակելը: Նման տեղեկությունը կարող է օգտագործվել կառավարական համակարգիչների պաշտպանության համար:
Հաղորդվում է նաեւ, որ համակարգչային պաշտպանական ծրագրեր արտադրող Intel ձեռնարկության մասնաճյուղ McAfee ընկերությունը պարբերաբար համագործակցում է ԱԱԳ-ի, ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի հետ եւ արժեքավոր գործընկեր է համարվում, քանի որ ընդգրկուն տեղեկություններ ունի:
Նշվում է, որ ընկերությունների հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում նրանց գերագույն ղեկավարության միջոցով եւ միայն մարդկանց մի փոքր խումբ է տեղյակ նման համագործակցության մասին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























