ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ավելի քան 60 տարի է՝ թաքնվում է նացիստական «SS» ստորաբաժանման նախկին հրամանատար Մայքլ Կարկոցը։ Նացիստ հանցագործի գտնվելու վայրը պարզել են լրագրողները։
Վերջիններիս տվյալով՝ այժմ ԱՄՆ-ի քաղաքացի Կարկոցը, ամերիկյան իմիգրացիոն իշխանություններից թաքցնելով իր անցյալը, 1949թ. երկիր մուտք գործելու իրավունք է ստացել եւ բնակություն հաստատել այնտեղ։
Vesti.ru-ն հայտնում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կարկոցը եղել է «SS»-ի ուկրաինական «Գալիչինա» գումարտակի հրամանատարը, որի մարտիկները Արեւելյան ճակատում պատժիչ գործողություններ էին իրականացնում։
Հիմնական առաջադրանքը պարտիզանական ջոկատների դեմ պայքարն էր: Գերմանական արխիվներում տեղեկություն կա նաեւ, որ գումարտակի ստորաբաժանումները մասնակցել են 1944թ. Վարշավյան ապստամբության ճնշմանը:
ԱՄՆ-ի պաշտոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը: Եթե Կարկոցի մեղքն ապացուցվի, ապա նա երկրից կարտաքսվի Գերմանիա, Լեհաստան կամ Ուկրաինա:




























