Խորվաթիայի հյուսիս-արեւելքում ջրհեղեղը թափ է հավաքում: Վուկովարի շրջակայքում Դանուբ գետի ջրի մակարդակը հասել է 724 սմ-ի, գերազանցելով 2006-ի պատմական առավելագույն մակարդակը: Ջուրը շարունակում է բարձրանալ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Առավել վտանգավոր երկու հատվածներում 75 հազար պարկերով պատնեշներ են կառուցվել, եւս 20 հազար պարկ գտնվում է պահեստում: Օսիեցկո-Բարանի մարզում պաշտպանական աշխատանքներին մասնակցում է 3 հազար մարդ, այդ թվում հազար զինվորական:

Իրավիճակը բարդանում է Դրավա գետի մակարդակի կտրուկ բարձրացմամբ, որը Օսիեկ քաղաքի մոտ հասել է 514 սմ-ի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Փորձագետների խոսքով՝ ստորերկրյա ջրերի չափից ավելի բարձր մակարդակը տարածաշրջանում կպահպանվի 5-7 օր: