Սիցիլիայում Էթնա հրաբխից ժայթքած տաք լավայի միջով վազող տղամարդու տեսագրությունը ցնցել է համացանցը: Գիտնականները պատասխանել են, թե համարձակին ինչպես է դա հաջողվել եւ խորհուրդ են տվել չհետեւել վերջինիս օրինակին:

Հոլովակում երեւում է, որ անհայտ անձը հինգ-վեց քայլ է անում տաք լավայի միջով, ինչից հետո նրա աջ ոտքը բռնկվում է: Այնուամենայնիվ, տղամարդը բարեհաջող հասնում է ապահով վայր՝ այդ ընթացքում չթաքցնելով ժպիտը, գրում է  The Daily Mail-ը:

Օհայոյի համալսարանի երկրաֆիզիկոս Էրիկ Կլեմետիի հստակեցմամբ՝ երբ եռացող լավան հայտնվում է սառը օդում, սկսում է պաղել՝ մուգ շերտ  ձեւավորելով, որի վրա անգամ կարելի է կանգնել: Հերոսի ոտքը բոցավառվել է լավայի բարձր ջերմաստիճանի պատճառով: Նա նկատել է, որ հոսքը դանդաղ է շարժվում, ինչը նշանակում է, որ արդեն հասցրել է սառել, գրում է utro.ru-ն:

Գիտնականը զգուշացրել է, որ տղամարդը կարող էր լավայի մեջ ընկնել, եթե այն անհավասարաչափ սառեր: Եթե դա տեղի ունենար, նրա մարմինը կվերածվեր գոլորշու. Մարդու օրգանիզմում ջուրը կհասներ եռման կետի եւ մարդն այսպես ասած «ճաքում է ներսից»: «Լավայի հոսքով վազելը հնարավոր է առանց լուրջ հետեւանքների, եթե լավայի ճիշտ հոսք եք ընտրել՝ սառած եւ դանդաղ, եթե դուք արագ եք վազում եւ եթե բախտը ժպտում է ձեզ», - եզրակացրել է գիտնականը: