Հայաստանի պաշտպանության նախարարությունում չեն հաստատել Երեւանում ադրբեջանցի փորձագետների՝ իբրեւ թե  կայացած հանդիպման մասին լուրը: «Նման տեղեկատվություն չունեմ», - հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այցի վերաբերյալ լուրերը: 

Ըստ Բաքվի «Էխո» հրատարակչության՝ ադրբեջանցի ռազմական փորձագետներն իբր Երեւանում մասնակցել են «Կովկաս-2013» միջազգային կոնֆերանսին:  «Թեեւ չի հաջողվել պարզել ադրբեջանցի ռազմական փորձագետների անունները, աղբյուրը հայտնում է, որ նրանք իրենց ելույթներում հատկապես նշել են տարածաշրջանային անվտանգության բնագավառում Բաքվի քաղաքականությունը եւ անդրադարձել Իսրայելի հետ 2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերին», - գրում է «Էխոն»: Ըստ ադրբեջանական թերթի՝ ստացվում է, որ  «Բաքվի փորձագետները» Երեւան էին ժամանել պաշտպանական ոլորտում իրենց ձեռքբերումների մասին հայտնելու համար:  Պատկերը բավականին անհավանական է: