Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկա» ընկերությունը, իսկ 4500 տոննա արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ավելի քան 850 տոննայի ներդրում ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այսօր այցելել է Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերության` «Սպայկայի» նոր արտադրամաս:

Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ շուտով կսկսվի նաեւ ծիրանի վերամշակման փուլը եւ ինչպես խոստացվել է գյուղացիներին, ամբողջ բերքը կմթերվի ժամանակին եւ շահավետ պայմաններով:

Սերգո Կարապետյանը ծանոթացել է 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսությանը, որի հզորությունն ընկերության պատասխանատուների հավաստմամբ` կեռապատկվի, հասնելով 3000 տոննայի:

«Սպայկայի» տնօրինությունը Սերգո Կարապետյանին է ներկայացրել նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրել մթերված ծիրանի վերջին խմբաքանակը` նշելով, որ ծիրանի մթերման այսօրվա գինը 400-500 դրամ է, ընդ որում, վճարումը կատարվում է կանխիկ` հենց տեղում: