«Գեոթիմ» ՓԲԸ-ն հանկարծակի հետաձգել է այսօր՝ հունիսի 21-ին, Գորայք համայնքում նախատեսված Ամուլսարի ոսկու հանքավայրի փակման ծրագրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումները, հաղորդում է «ԷկոԼուրը»: Այս մասին ընկերությունը Գորայքի գյուղապետարանին տեղյակ է պահել ընդամենը հունիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում եւ աշխատանքային օրից հետո էլեկտրոնային նամակներով տարածելով հաղորդագրություն, որում ասված է. «Գեոթիմ» ընկերությունը ցանկանում է տեղեկացնել, որ 2013 թ. հունիսի 21-ին` ժամը 11-ին, Ամուլսարի ծրագրի ազդակիր Գորայք համայնքում նախատեսված հանքի փակման ծրագրի շուրջ լսումները հետաձգվում են, քանի որ ընկերությունը ծրագրում է Բնապահպանության նախարարությանը ներկայացնել հանքի փակման նորացված ծրագիր՝ նոր լրացումներով եւ փակման ծրագիր նոր մանրամասներով:

Նոր լսումների մասին տեղեկությունները կտրամադրվեն՝ օրենքի համապատասխան»:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ընկերության նախագծի համաձայն` արդյունահանման ավարտից հետո մասնավորապես բացահանքը ցանկապատվելու է կամ տեղադրվելու է լարափակոց՝ բացահանքի վերին հանքաստիճանի փլուզման հնարավոր պրիզմայից 5մ հեռավորության վրա: Ռեկուլտիվացիայի են ենթարկվելու լցակույտերը, ապամոնտաժվելու են կառույցները:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին: Այն պատրաստվում է շահագործել «Lydian International Ltd» ընկերությունը` ի դեմս իր դուստր ընկերության` «Գեոթիմ»-ի: Շահագործման տեւողությունը 16.5 տարի է: