Սարուխան գյուղում տեղի ունեցած դեպքի հետեւանքով Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված 8 կանանց վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ տուժողներից 3-ը վիրահատման կարիք ունեն, հնարավոր է հենց վաղն էլ վիրահատեն մեկին: Իսկ այրվածքներ ստացած տուժողները եկող շաբաթվա ընթացքում դուրս կգրվեն հիվանդանոցից:
Այսպես, տուժողներից 71-ամյա Գրետա Առաքելյանը սրունքի ստորին մեկ երրորդականի զույգ ոսկրերի կոտրվածք է ստացել, այժմ կմախքային ձգում է դրված, մեկ-երկու օր հետո կվիրահատվի: Մյուս տուժողը` 58-ամյա Սիլվա Հակոբյանը ստացել է ձախ սրունքի կոտրվածք, նրան եւս կվիրահատեն առաջիկա օրերին: 63-ամյա Զինա Մնեյանին եւս պետք է վիրահատեն, նրա մոտ առկա է սրունքի զույգ պճեղների կոտրվածք: 43-ամյա Անահիտ Խաչիկյանը կրծքավանդակի եւ կոնքի սալջարդ է ստացել, ինչպես նաեւ այրվածքներ` ազդրի շրջանում: 52-ամյա Ասյա Մոտոյանը եւ 46-ամյա Ծաղիկ Մնեյանը եւս այրվածքներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում: Իսկ 30-ամյա Ալիտա Բնյանի մոտ առկա է ձախ սրունքի սալջարդ, որովայնի եւ գոտկային շրջանի փակ տրավմա, 61-ամյա Աիդա Բադոյանը ունի բազուկոսկրի կոտրվածք, վերջիններս չեն վիրահատվի, կստանան կոնսերվատիվ բուժում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխանի բնակիչները հավաքվել էին մասնակցելու համագյուղացու «մահվան 7 օրի» արարողությանը, սակայն տան պատշգամբը փլուզվել է եւ 10 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը:
Գյուղապետի ներկայացմամբ՝ պատշգամբում գտնվողներն ընկել են ներքեւում կրակի վրա եռացող քուֆթայով լի կաթսայի վրա: Կաթսան շրջվել է եւ եռացող ջուրը լցվել է նրանց վրա:
Նրանք բոլորը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Գյուղապետը նշեց, որ երկուսը արդեն դուրս են գրվել, այժմ հիվանդանոցում գտնվում է 8 հոգի:




























