«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման եւ Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն մի շարք հարցադրումներով դիմել է EBRD-ին՝ կապված «Deno Gold Mining Company» ընկերությանը վարկ տալու հետ:

Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը.

«1. EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան եւ հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միեւնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է , որ դիմել է EBRD-ին վարկի համար: Հարց` արդյոք EBRD-ն բանակցություններ է վարո՞ւմ «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ Հայաստանում գործողություն իրականացնելու համար վարկ տրամադրելու ուղղությամբ: Մենք փորձեցինք բանկի ներկայացուցիչներից պարզել այս հարցը Կապանում եւ նամակ ուղարկեցինք հանդիպման խնդրանքով: Բայց, ցավոք, պատասխան չենք ստացել:

2. Հաշվի առնելով այն փաստը, որ «Deno Gold Mining Company»-ն բազմիցս հայտարարել է այն մասին, որ մտադիր է Շահումյանի հանքավայրի զարգացման համար անցնել հանքի բաց շահագործման, ապա առաջանում է հետեւյալ հարցը` արդյոք Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը ներառված է վարկի տրամադրման վերաբերյալ բանակցային գործընթացի մեջ:

3. 2013թ. հունիսի 17-ից «Deno Gold Mining Company»-ն փոխել է իր անվանումը` դառնալով «Dundee Precious Metals Kapan»: Արդյոք դա նշանակում է, որ ընկերությունը կարող է վարկ ստանալ  EBRD-ից ուղղակիորեն` որպես բանկի հաճախորդ, ինչպիսին Կանադայում «Dundee Precious Metals»-ն է: Եւ արդյոք դա մեղմացուցիչ պայման չէ հայկական ներկայացուցչության համար:

4. EBRD-ն արդեն վարկ տրամադրել է «Deno Gold Mining Company»-ին Գեղանուշի պոչամբարի վերակառուցման համար: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2008թ-ին: Հարց` արդյոք EBRD-ն այդ նախագծի վերաբերյալ մոնիտորինգ անցկացրել է, եւ եթե անցկացրել է, ապա ինչպիսի՞ն են մոնիտորինգի արդյունքները: Մեր կողմից նշենք, որ նախագիծն իրականացնելիս` չեն պահպանվել սոցիալական պատասխանատվության սկզբունքները, քանի որ անտեսվել է Գեղանուշ գյուղի բնակիչների կարծիքը, ովքեր նախագծի դեմ 134 ստորագրություն են հավաքել: Պոչամբարը կառուցվել է խախտումներով եւ նախագծից շեղումներով: Այս մասին ասված է Փորձագիտությունների ազգային բյուրոյի 21.03.2013թ. թիվ 13-0016 եզրակացության մեջ, որը ներկայացվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան:

Մենք հույս ունենք, որ ընդունված սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների համաձայն` EBRD-ն անուշադրության չի մատնի մեր նամակը եւ ստացված պատասխանները կբարձրացնեն Հայաստանում «Dundee Precious Metals Kapan»-ի գործունեության թափանցիկությունը»: