Եթե մեզ մոտ բանկում հաշիվը բացելու համար պետք է փող, անձնագիրը, նոտարի մոտ հաստատված հաշիվը բացելու համար փաստաթղթեր, ապա Արեւմուտքում այդպես չէ, դու դիմում ես, անուն-ազգանուն ես ասում, եւ հաշիվը բացում են: Մենք նման հաշիվ բացեցինք 90 թվականին, ԱՄՆ-ում եւ որեւէ թուղթ չպահանջեցին: Այդ մասին այսօր՝ հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով օֆշորային սկանդալի մասին:

Ադիբեկյանը փորձում էր ամեն կերպ պաշտպանել գործող վարչապետին: «Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, եթե մեծ գումար դրված լիներ այդ հաշվին լուրջ մարդկանց կողմից, ես կհավատայի, բայց եթե ինչ-որ մեկը սադրանքի նպատակով, մուռ հանելու նպատակով, ինչ-որ հաշիվներ է բացում մարդկանց անունով, 100 դոլար փոխանցում, դա կասկածելի է: Եւ հասկանալի է, որ գործող վարչապետը շատերի դուրը չի գալիս, եւ նրա չուզողների բանակ կա եւ իշխանական ճամբարում, եւ ընդդիմադիր ճամբարում»,- նշել է Ադիբեկյանն ու հավելել. «Հետեւելով նրա գործունեությանը, եթե չլիներ Տիգրան Սարգսյանը, մեզ ոչ մի միջազգային կազմակերպություն մեծ վարկեր չէր: Նա մեծ հեղինակություն է միջազգային կառույցներում: Սա կոպիտ գռեհիկ սադրանք է՝ վարկաբեկելու Արարատյան թեմի առաջնորդին եւ վարչապետին»:

Երբ Ադիբեկյանին հայտնեցին, որ լրագրողները զանգահարել են եւ փորձել հաշիվ բացել Նիկոլ Փաշինյանի անունով, բայց այդ ընկերությունից փաստաթուղթ են պահանջել, սոցիոլոգը փորձեց խուսանավել. «Քանի՞ հատ Տիգրան Սարգսյան կա Հայաստանում»: «Ադիբեկյանն է մեկ հոգի»,- հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս նաեւ հավելեց, որ Աշոտ Սուքիասյանը հստակություն է մտցրել, որ խոսքը վերաբերում է հենց վարչապետին: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այս դեպքը սկանդալային եւ աննախադեպ է, որ այդ սկանդալի կիզակետում հայտնվում է վարչապետը, եւ ավելի զավեշտալի է՝ հոգեւորականը: «Իհարկե, սա Հայաստանն է, եւ զարմանալի չէ, որ դրանից հետո մարդիկ հրաժարական չեն տալիս, անգամ ներողություն չեն խնդրում: Շատ ավելի վտանգավոր է, որ նրանց բացած օֆշորի հետ կապում են հայ գործարարի ունեզրկումը: Սա բավական տհաճ շղթա է: Մեղադրել որեւէ մեկին, թե այս ամենն անում է վարչապետի բարի համբավը մրոտելու համար, մեղմ ասած, համոզիչ չէ»,- նշել է Սաֆարյանը:

Նա նաեւ չբացառեց, որ սկանդալի ծագումը ձեռնտու է Սերժ Սարգսյանին, այդկերպ խաղից դուրս է գալիս 2018-ի հնարավոր թեկնածուներից մեկը, ում քաղաքական կարիերայի վրա սեւ բիծ մնաց:

Ստեփան Սաֆարյանի փաստարկների ի պատասխան Ահարոն Ադիբեյանը վերջում արձագանքեց. «Ո՞ր հարգված քաղաքական գործիչը օֆշորում հաշիվ չունի»: «Ես չունեմ, պարոն Ադիբեկյան»,- պատասխանեց Սաֆարյանը: «Էէէէէէ»,- ասաց Ադիբեկյանը: