Արարատի մարզպետարանում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները, չարաշահումները կապ չունեն մարզպետի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Նա շեշտեց, որ ստուգումներ անցկացնելու համար ինքը անձամբ է  նամակով դիմել Կառավարությանը: Դրանից հետո ստուգումներ իրականացրել է Ֆինանսների նախարարությունը, նյութերը ուղարկվել են ՀՔԾ: Մարզպետը շեշտեց, որ հայտնաբերված չարաշահումները իր հետ կապ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, դրանք կապված են գյուղատնտեսական վարչության հետ եւ այն համայնքների, որոնց հատկացվում էր վառելիքը, պարարտանյութը: Իսկ գյուղատնտեսության վարչության մոտ 15 տարի պաշտոնավարած պետին մարզպետը մեկ ամիս առաջ ազատել էր աշխատանքից: «Ես ոչ մի խնդիր չունեմ»,- շեշտեց նա` վստահեցնելով, որ իր կողմից որեւէ խախտում, չարաշահում թույլ չի տրվել: Էդիկ Բարսեղյանի խոսքով` իր հետ կապված որեւէ չարաշահում, խախտում չկա եւ չի էլ կարող լինել, քննության ավարտից հետո այդ մասին կիմանաք նաեւ պատկան մարմիններից:

Ինչ վերաբերում է ստուգումների ընթացքում իր հաշվին արձակուրդ վերցնելուն, ապա Էդիկ Բարսեղյանն ասաց, որ ինքը ամեն տարի հունիսի 10-25 գնում է  Յալտա` Ղրիմ` իր  10 տարվա բժշկի մոտ բրոնխների բուժման համար, իսկ այս տարի հունիսի 22-ին վերադարձել է: «Ես գնացել էի նաեւ, որպեսզի չխոչընդոտեմ քննությանը, որ չասեն, թե մարզպետը խոչընդոտում էր»,- ասաց նա: Մարզպետը նշեց նաեւ, որ իր առողջականը նորմալ է, բավականին մեծ փոփոխություններ կան:

Ի դեպ, երեկ մեր զրույցի պահին մարզպետն ասաց, որ արդեն աշխատանքի է անցել, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելում էր պահածոյի գործարաններ, որպեսզի այսօրվանից սկսեն ծիրանի մթերումները:

Նշենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն: