Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների հիմնական վարկատուն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» է: Այս բանկին նաեւ կարեւոր դերակատարում է վերապահված գյուղացիության օժանդակության ծրագրերում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հետ;
Պրն. Գիշյան, Հայաստանում հաճախակիացել են բնակլիմայական կատակլիզմները, որից գյուղատնտեսությունը պարբերաբար զգալի վնասներ է կրում: Ձեզ համար, որպես գյուղատնտեսությունը ֆինանսավորող, որքանո՞վ արտառոց էին մայիսի 12-ի կարկտահարության հետեւանքները:
Հայաստանում ամեն տարի էլ բնությունն ինչ-որ անակնկալ մատուցում է՝ կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ, ժամանակ առ ժամանակ կարող են տեղի ունենալ անասունների անկումներ: Տուժողները շատ հաճախ մեր վարկառուներն են: Մենք սովոր ենք նման իրավիճակների, ու նման դեպքերում մեր հաճախորդների հետ գտնում ենք փոխադարձ ընդունելի լուծումներ: Սակայն այս տարի վնասի մասշտաբը սովորականից մեծ էր, ու նաեւ մեծ հնչեղություն ունեցավ: Բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան, ու հիմա Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների համար մենք միջոցառումների ծրագիր ունենք:
Եւ ո՞րն է այդ ծրագիրը:
Մենք գյուղացիներին հավելյալ ժամանակ կտանք իրենց վարկային պարտավորությունները սպասարկելու համար: Վարկերի ժամկետները կերկարաձգվեն, անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ 3 տարի: Կառավարության հետ համաձայնության եկանք, որ տուժած գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամային վարկերով, ու կընդգրկվեն բյուջետային սուբսիդավորման ծրագրերում: Սա նշանակում է, որ վարկերը կտրամադրվեն դրամով՝ 14% տարեկան տոկոսադրույքով, որից 4 %-ը կսուբսիդավորի կառավարությունը: Սա նշանակում է , որ գյուղացին կվճարի վարկի դիմաց տարեկան 10 %: Բացի այդ՝ լրացուցիչ վարկավորման կարիք ունեցող տնտեսություններին մենք չենք մերժի, հնարավորություն կստեղծենք՝ շարունակել հողերը մշակել: Այս գործընթացն արդեն սկսվել է, մի շարք գյուղեր ստացել են նոր վարկեր, իսկ մյուսները կստանան առաջիկա 1 ամսում:
Ի՞նչ ծավալների մասին է խոսք գնում:
Կարկտահարված շրջանների վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը 5-6 մլրդ դրամ է, մոտ 7-8 հազ. տնտեսությունների մասին է խոսքը: Վերջնական արդյունքները կճշտվեն ավելի ուշ, քանի որ որոշ գյուղերից դիմողներն ավելի քիչ են, քան մենք սպասում էինք: Այսինքն՝ գյուղեր կան, որտեղ ոչ բոլոր տնտեսություններն են տուժել, կամ վնասի չափն ավելի քիչ է ստացվել, քան ենթադրվում էր: Քիչ չեն դեպքերը, երբ կարկտահարության վնասները ցանկանում են փոխհատուցել գործունեության այլ ձեւերով, օրինակ՝ ավելացնելով անասունների գլխաքանակը կամ ընդլայնելով ջերմոցային տնտեսությունը:
Դուք նշեցիք վարկի մարման ժամկետի երկարացման մասին: Իսկ մարման գրաֆիկը նույնպե՞ս փոփոխվում է:
Այո, որովհետեւ գյուղացիների համար առաջնայինն այն էր, որ այս պահին վճարումներ չանեն: Փաստորեն՝ բոլոր այս տնտեսություններին տրամադրվում է նոր վարկ, ավելի երկար ժամկետով ու սահմանելով մարման այլ գրաֆիկ: Ի տարբերություն սովորական (ոչ գյուղատնտեսական) վարկերի, որտեղ մարումները սկսում են հաջորդ ամսվանից, մենք թույլ ենք տվել մարումները սկսել 6 ամսից: Սա նշանակում է, որ հունիսին վերաձեւակերպված վարկերի մարումները կսկսվեն հաջորդ տարվանից:
Այս պայմաններում դուք իրոք հեռանկարայի՞ն եք համարում գյուղատնտեսության վարկավորումը Հայաստանում:
Չեմ կարծում այնպիսի իրավիճակ է, որը կփոխի մեր ցանկությունը՝ աշխատել այս ոլորտում: Գյուղատնտեսության ֆինանսավորումը մեր համար շարունակում է մնալ առաջնային: Բնական արհավիրքների ժամանակ մենք մշտապես կարողացել են գտնել փոխշահավետ լուծումներ, որը թույլ է տվել գյուղացիներին չզրկվել վարկավորման հնարավորություններից: Նույնն էլ այս անգամ է լինելու: Ամենակարեւորն այն է, որ գյուղացիական տնտեսությունները շարունակեն պահպանել վարկունակությունը: Դա մեր գյուղացիական տնտեսությունների ամենակարեւոր ձեռքբերումներից է, մի բան, որ բացակայում է հարեւան կամ ԱՊՀ երկրներից շատերում: Մենք ամեն ինչ կանենք, որ գյուղացիությունը պահպանի վարկունակությունը, որովհետեւ առանց դրա գյուղատնտեսության զարգացումը հնարավոր չէ: Մենք տարեկան միջինը 100 հազար վարկ ենք տալիս, ու սրանով կարող եք դատել, թե վարկավորումը ինչ դեր ունի գյուղատնտեսության համար: Եթե 1996 թ. տնտեսությունները մեզ դիմում էին 300-400 դոլար վարկ ստանալու համար, հիմա այդ նույն տնտեսությունները դիմում են մի քանի անգամ ավելի վարկ ստանալու համար: Ինչու՞, որովհետեւ կարողացել են մեր վարկերի շնորհիվ ավելի արդյունավետ դարձնել իրենց տնտեսությունը:
Դուք ասում եք, որ օգնում եք գյուղացուն: Սակայն բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ վարկի պատճառով գյուղացին կորցնում է գրավադրված հողը կամ տունը: Այսինքն՝ գյուղացու ունեզրկում է տեղի ունենում:
Այդ հրապարակումներն ու խոսակցություններն իրականության հետ կապ չունեն: Բանկի համար գյուղացու հողին տիրանալը հետաքրքրություն չի ներկայացնում, մեր խնդիրն այն չէ, որ գյուղացիների հողը վերցնենք: Վերջին 20 տարում ընդամենը հաշված հողատարածքներ են անցել բանկին որպես սեփականություն, ու այդ բոլոր հողերի վրա գյուղացին շարունակում է աշխատել: Հաճախ տարիներ հետո ցանկություն են հայտնում այդ հողերը ետ գնել, քանի որ խուսափում ենք գրավադրված հողը վաճառելուց: Գյուղատնտեսական հողերի մեծ մասը շուկայական պահանջարկ չի վայելում, հողի շուկա, որպես այդպիսին, ձեւավորված չէ: Նույնը տների հետ կապված: Գյուղացուց տունը գրավ վերցնում ենք միայն այն դեպքում, երբ այն վերջին կացարան չի հանդիսանում, այսինքն՝ գյուղացու երկրորդ, կամ երրորդ տունն է: Տների ու հողերի գրավադրման գործընթացն ավելի շուտ սիմվոլիկ բնույթ է կրում: Ավելին՝ երբ մենք սկսեցինք գյուղատնտեսության վարկավորումը, պարտավոր էինք գրավ վերցնել, քանի որ դա կենտրոնական բանկի պահանջն էր: Սակայն ոչ բոլորն ունեին գրավի առարկա: Եւ մենք հեղափոխական քայլ կատարեցինք՝ որպես գրավի առարկա ընդունելով գյուղատնտեսական կենդանիներին: Այդ գրավի առարկան մեզ համար հետաքրքրություն չէր ներկայացնում, իմաստն այն էր, որ գյուղացին կարողանա վարկից օգտվել ու աճել: Սա լիովին իրեն արդարացրեց, քանի որ փորձը ցույց տվեց, որ գյուղացիությունը բնակչության ամենաազնիվ խավն է: Նրանք 99,9%-ով իրենց պարտավորությունները կատարում են, նույնիսկ եթե կան բնակլիմայական դժվարություններ: Այսօր գյուղատնտեսական վարկերի 80%-ից ավելին առանց գրավի են, նույնիսկ առանց երաշխավորների: Սրանով մենք նաեւ մեր ռիսկերն ենք պակասեցնում, քանի որ էժանացնում ենք վարկավորման ընթացակարգը:
Բայց ՀՀ Ազգային ժողովում քննարկումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ բանկերը դանդաղաշարժ են, վարկի ձեւակերպման ընթացակարգերը բարդեցված են, ու գյուղացին նախընտրում է ավելի թանկ վարկ վերցնել վարկային կազմակերպությունից, սակայն ավելի պարզ ընթացակարրգով:
Ես այդ գնահատականների հետ համաձայն չեմ, բայց ճիշտ կլինի գյուղացիներին հարցնեք: Այսօր շուկայում ամենացածր տոկոսադրույքը գյուղացիներին մենք ենք առաջարկում: Վարկային կազմակերպությունների տոկոսադրույքները կրկնակի, երբեմն եռակի բարձր են: Սակայն սա միայն Հայաստանին բնորոշ երեւույթ չէ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միկրովարկավորումը թանկ հաճույք է, տոկոսները շատ բարձր են՝ աշխարհում միջինը 40-50%-ի շրջանակներում, ընդ որում՝ միկրովարկավորումը գյուղատնտեսությունում ավելի բարձր են: Ինչ վերաբերում է ձեւակերպման արագությանը, ես արդեն նշեցի՝ վարկերի մեծ մասը տրամադրում ենք առանց գրավի, ինչը նշանակում է, որ բացակայում են նոտարական ու կադաստրային ձեւակերպումները: 2013 թ. կիրառում ենք նորույթ՝ մեր նախկին հաճախորդներին, որոնք լավ վարկային պատմություն ունեն, վստահելի են, վարկային գիծ ենք տրամադրում: Զանգում ենք տվյալ մարդուն եւ ասում՝ դու կարող ես վարկ վերցնել երբ ուզում ես, ու կարող ես վարկը ստանալ պլաստիկ քարտերով՝ առանց անգամ բանկ այցելելու (մեր ցանկացած բանկոմատից): Եթե 15 տարվա ընթացքում մարդը 10 անգամ վարկ է վերցրել, ու միշտ էլ ազնվորեն մարել է, մենք էլ իրեն լավ ճանաչում ենք, ի՞նչ իմաստ ունի ամեն անգամ գնալ նրա տնտեսությունն ուսումնասիրելու: Ու այսպիսի հազարավոր վարկառուներ ունենք:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը



























