Անգամ մի թռուցիկ հայացքը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկին, բավարար է, որպեսզի հասկանանք, որ երկրի տնտեսությունը հիմնականում հենվում է ծառայությունների, ներմուծման ու առեւտրի վրա: Չնայած դա տեսանելի է, անգամ առանց հարկատուների ցանկը դիտելու, միայն պաշտոնական վիճակագրական տվյալներն ու տեղեկատվությունները աչքի անցկացնելիս: Բավարար է նայել շուրջը` խանութներ, սուպերմարկետներ, գրավատներ, գեղեցկության սրահներ ու շինարարություն` անվերջանալի շինարարություն, որոնք, հիմնականում, եւ ապահովում են երկրի աշխատունակ բնակչության զբաղվածությունը:

«Հայոց աշխարհ» թերթը հարց է տալիս, թե ո՞ւր են կորել բանվորները, արտադրամասի պետերը, գործարանի ինժեներներն ու տեխնոլոգները: «Իհարկե, այդ մասնագետները կան, սակայն ո՞ր ոլորտներում են զբաղվեծ: Բոլոր նրանք, ովքեր շինարարության ոլորտում չեն, հայտնվել են կամ վաճառասեղանի առջեւ կամ տաքսու ղեկին, լավագույն դեպքում` ինչ-որ ձեռնարկությունում գյուղատնտեսական արտադրանքի մշակման արտադրամասում»,- գրում է թերթը:

"Իսկ որտե՞ղ է գնում «ազգային կապիտալը»: Ինչի վրա են ծախսում իրենց միջոցները գործարարներն ու տնտեսվարողները, ո՞ր ոլորտներում են ներդրոմներ կատարում: Ժամանակին հայկական տնտեսական էլիտայի ներկայացուցիչներին ու նրանց ճաշակին դիպուկ գնահատական էր տվել ներկայումս հանգուցյալ տնտեսագետ Էդուրադ Աղաջանովը: «Հայոց աշխարհի» հետ զրույցում նա ասել էր. «Ի՞նչ է անում մեր ազգային կապիտալը: Այն փաստացի ոչինչ չի կառուցում, բացի հանգստյան գոտիներից, հյուրանոցներից ու սաունաներից: Այսինքն, Հայաստանում ազգային կապիտալը զարգացնում է, այսպես կոչված, սեքս-արդյունաբերությունը: Կառուցում են հյուրանոց, սաունա, ռեստորան. Գալիս են, ուտում են, խմում են, լողանում են ու… անկողին: Ահա եւ Հայաստանի ողջ արդյունաբերությունը»: