Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ, այսօր՝ հունիսի 24-ին, կայացած խորհրդակցությանը քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունների, Ասիական զարգացման բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ոլորտի ազգային ռազմավարական տեսլականի սահմանումն ու պլանավորումն է, տարբեր գերատեսչությունների եւ ինստիտուցիոնալ կարողությունների համակարգման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման այն սցենարները, որոնք մշակվել են խորհրդատու թիմի կողմից: Փոխվարչապետը հանձնարարել է նյութերը տեղադրել Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունների կայքերում` հանրությանը հասանելի դարձնելու համար:
Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարվեց նաեւ ներկայացված լուծումների վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում քննարկումներ կազմակերպել շահագրգիռ պետական մարմինների, այդ թվում` Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի, Հանրային խորհրդի, Կայուն զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, եւ քննարկումների արդյունքներով ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել իրականացվող ուսումնասիրությունների հետագա ընթացքի վերաբերյալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























