Գեզիի բողոքները քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի է համախմբել: Հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, դա արել են տարբեր պատճառներով` բողոքելով ոստիկանության ոչ համաչափ ուժի կիրառման, էրդողանի ավտորիտար կառավարման,  մասնավոր կյանքի իրավունքը խախտող օրենքների դեմ եւ այլն: Այս մասին «Turan» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի նախկին ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:

Նրա խոսքով` Ստամբուլում ցուցարարների  մեծ մասը երիտասարդությունն  ու միջին խավի ներկայացուցիչներն են, ովքեր ցանկանում են, որ Թուրքիան աշխարհիկ պետություն մնա. «Սակայն ես չէի ասի, թե դա հանրության կրոնական եւ աշխարհիկ շերտերի բախում է: Կարծում եմ, նման զանգվածային բողոքի ակցիաների պատճառներից մեկը  հուսախաբությունն է, որ մարդիկ չեն կարող ազդել իրենց տեղական իշխանությունների վրա: Դա արտահայտվեց այգին պաշտպանելու մեջ, որը վարչապետը որոշել էր վերաձեւել»:

Նա միաժամանակ նկատել է, որ  ընդդիմադիր երկու կուսակցությունները` Հանրապետական-ժողովրդական ու Ազգային-ժողովրդական, իրենց զուսպ են պահել Թաքսիմի բողոքի ժամանակ`խուսափելու համար ցուցարարների հետ ունեցած կապից: Ուստի քիչ հավանական է, որ այդ կուսակցությունները կարող են քաղաքական դիվիդենտներ ստանալ դժգոհություններից եւ գործընթացը խորհրդարան տանել:

Միաժամանակ, արդեն ձայներ են հնչում 2014թ. նախագահական ընտրությունները 2015 թ. խորհրդարական ընտրությունների հետ միավորելու մասին: Հօգուտ դրա են հանդես գալիս Էրդողանի կողմնակիցները: