Երեւանի պետական համալսարանում արձանագրված չարաշահումները հայտնաբերվել են ԵՊՀ ղեկավարության եւ մասնավորապես ԵՊՀ ռեկտորի, գլխավոր հաշվապահի եւ այլ անձանց ջանքերով եւ ԵՊՀ-ի կողմից համապատասխան հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին հայտնել է ԵՊՀ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով գլխավոր դատախազության հաղորդագրությունը:
«ԵՊՀ-ն ունի ավելի քան 18.000 ուսանող եւ ուսման վարձերի գանձումն ինքնին բավականին ծավալուն, բազմափուլ եւ անընդհատ գործընթաց է. համալսարանի կողմից տրամադրվում են զեղչեր, վճարումները կատարվում են մի քանի փուլերով, կանխիկ եւ անկանխիկ, ուսանողներին թույլատրվում է վճարել սահմանված ժամկետից ուշ, տարկետման մեջ գտնվող ուսանողների վճարները հետաձգվում են եւ այլն: Այս գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահանջում է երկարատեւ եւ մանրակրկիտ հետեւողական աշխատանք:
Չարաշահումները թույլ տված անձինք փոփոխություններ են կատարել համապատսխան համակարգչային ծրագրում: Երեւանի պետական համալսարանը մշտապես համագործակցում է ԶԼՄ-ների հետ եւ այս պահին կոչ ենք անում մեր գործընկերներին մինչեւ քննության ավարտը ձեռնպահ մնալ ԵՊՀ հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից»,- ասվում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Նույն պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ ԵՊՀ ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ ավագ հաշվապահները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են ուսման վարձավճարներ եւ տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել:




























