«Օֆշորային» սկանդալի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դրա հետ ունեցած  կապի ամենակարեւոր հարցն այն է՝ համապատասխանում է այդ ամենն իրականությանը, թե ոչ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ի մամուլի ասուլիսում հայտնել է  ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: 

«Գոյություն ունի գերխնդիր.  պետական կառավարման գործող  համակարգի եւ իրավապահ մարմինների նկատմամբ ունեցած վստահության մակարդակի պայմաններում խնդրի ամբողջական էության վերհանում հնարավոր չէ սպասել», - նշել է Աղվան Վարդանյանը, հավելելով, որ ճիշտ կլիներ հարցը խորապես քննարկել, նույնիսկ հնարավորության դեպքում մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված ժամանակավոր հանձնաժողովի օգնությամբ:

Ըստ նրա՝  տվյալ սկանդալի բոլոր երեք մասնակիցներն էլ՝ գործարար Աշոտ Սուքիասյանը, Հայ առաքելական եկեղեցու Այրարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սերտ կապեր ունեն: «Ես դատավոր չեմ, եւ ստեղծված իրավիճակում ոչ ոք իրավունք չունի դատելու, սակայն կարծում եմ, որ կաթողիկոսը պետք է  հստակ արտահայտի իր դիրքորոշումը,  եւ ճիշտ կլիներ, որ մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը Այրարատյան թեմի առաջնորդը  ժամանակավորապես գործերից հեռու մնար», - նշել է Աղվան Վարդանյանը: Խոսելով վարչապետի մասին՝ նա  ասել է, որ Տիգրան Սարգսյանի ժամանակավոր հրաժարականը կարող էր նպաստել խնդրի բացահայտմանը: