Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է Սունդուկյան 90 հասցեում կանաչ տարածքի ճակատագիրը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սունդուկյան 90 հասցեում գտնվող շենքի բակային հատվածում գտնվող տարածքը ժամանակին որոշ բնակիչների կողմից ապօրինի զավթվել ու մետաղյա եւ այլ  ամենատարբեր կոնստրուկցիաներով ինքնակամ ցանկապատվել է:

«Տվյալ տարածքն այսօր, ըստ էության , լիարժեք չի ծառայում ոչ տվյալ շենքի, ոչ էլ հարակից շենքերի բոլոր բնակիչների հանգստի կազմակերպմանը: Ավելին, որոշ մարդկանց կողմից «դրախտային այգի» անվանված տարածքի սանիտարական վիճակը նույնպես հեռու է բավարար լինելուց:

Նշված տարածքը բարեկարգելու եւ բնակչության համար իսկապես հանգստի գոտու վերածելու նպատակով՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը մշակել է էսքիզային առաջարկ, որի իրականացման արդյունքուն տարածքը կվերածվի իսկական հանգստի գոտու ոչ միայն տվյալ շենքի, այլեւ հարակից մյուս շենքերի ինչպես մեծահասակ, այնպես էլ փոքրիկ բնակիչների համար:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նմանատիպ մոտեցում է ցուցաբերվում բոլոր վարչական շրջաններում եւ բնակչության կողմից ժամանակին ապօրինի զբաղեցրած բոլոր տարածքները հարմարավետ նստարաններով ու զրուցարաններով բարեկարգ պուրակների, ժամանակակից ատրակցիոններով կահավորված խաղահրապարակների տեսքով աստիճանաբար վերադարձվում են իրենց իսկական տերերին՝ երեւանցիներին»,- նշել են քաղաքապետարանից:

Կից ներկայացվել են նաեւ այգու ներկա վիճակը փաստող լուսանկարներն ու տարածքում նախատեսվող պուրակի էսքիզային առաջարկը: