Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ հունիսի 26-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով քննարկում:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումն անցկացվում է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ համատեղ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ կառավարման ոլորտում թափանցիկության խնդիրը կարեւոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Կորյուն Նահապետյանը նկատել է, որ թափանցիկությունը տեսանելի է դարձնում պաշտպանության ոլորտում իրականցվող քաղաքականությունը, հնարավորություն է տալիս գնահատելու ձեռքբերումները, արձանագրելու բացթողումները եւ նախանշելու այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է դառնում լուծել առկա խնդիրները:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրիի գնահատմամբ՝ փոխըմբռնման հուշագրի ներքո իրականացվող համագործակցությունը կենտրոնի կողմից հաջողությամբ իրականացվող ծրագրերից է: Խոսելով պաշտպանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական լիարժեք վերահոսկողություն իրականացնելու մասին՝ ԶՈՒԺՎ տնօրենի տեղակալն ասել է, որ խորհրդարանը նախ պետք է հասկանա՝ ինչպես են կառավարվում պաշտպանության համակարգը, պաշպանության նախարարությունը եւ զինված ուժերը:

Այնուհետեւ զեկուցողները ներկայացրել են պաշտպանության կառավարման ոլորտում լավագույն միջազգային փորձը, անդրադարձել ոլորտի թափանցիկությանը, բարեկեցության ամրապնդմանը, կարեւորեցին խորհրդարանի դերը պաշտպանության կառավարման խնդիրների վերահսկողության գործում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը խոսել է պաշտպանության ոլորտում կոռուպցիա ծնող պատճառներից, ներկայացրել ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարական մոտեցումները: Նախկին փոխնախարարի կարծիքով՝ կան ոլորտներ, որտեղ հնարավոր չէ ամբողջովին վերացնել կոռուպցիան. այն կարելի է ընդամենը նվազեցնել:

Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար, Արեւմտաեվրոպական միության նախկին գլխավոր քարտուղար Վիմ Վան Էէկելենն անդրադարձել է պաշտպանության կառավարման խնդիրների վերահսկողության գործում խորհրդարանի դերին: