Մայդանեկը կարող էր եւ գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր այցելել է  Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ, Սերժ Սարգսյանը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Նախագահն այնուհետեւ մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ:

Սերժ Սարգսյանը թանգարանային համալիրի  համաժողովների կենտրոնում ելույթ է ունեցել, որտեղ մասնավորապես նշել է.

«Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջեւ: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի եւ մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ են` դժոխային անողոքություններ ծնած մարդկային խեղված բանականության մասին:

Համոզված եմ, որ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուրի մոտ Մայդանեկ այցելելիս առաջանում է պարզագույն մի հարց. այն է` «ինչպե՞ս»: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն իր տեսակի նկատմամբ նման դաժանություն իրագործել` իրեն համարելով վերադաս դիմացինի եւ ամենակարող` մարդկության հանդեպ:

Մայդանեկը կարող էր եւ գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը:

Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների եւ ժողովուրդների միջեւ համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում եւ անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»:

Իրոք, հիշատակի վայրերի վերածված նախկին համակենտրոնացման ճամբարներ Մայդանեկը, Օսվենցիմը, Տրեբլինկան, ինչպես նաեւ Յադ Վաշեմը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը լոկ պատմական փաստերը վավերագրող կոթողներ չեն, դրանք մարդկությանն ուղղված հզոր եւ ազդեցիկ ուղերձ են` ժողովուրդների միջեւ հանդուրժողականության խրախուսման, այլատյացության դատապարտման եւ կանխարգելման համար: Մենք, որպես այդ ամենը վերապրած ժողովուրդներ պարտավոր ենք անել նույնիսկ անհնարինը` այդ ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

Անկախությունը վերստին նվաճած Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանություն հանցագործությունները կանխարգելելու եւ պատժելու համար պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսից Հայաստանի կողմից առաջին անգամ ստանձնած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության գերակայություններից է անհանդուրժողականության, խտրականության եւ ատելություն սերմանող քարոզչության դեմ պայքարը: Հենց դա է պատճառը, որ Լեհաստան իմ այցի շրջանակներում ցանկացա այցելել հրեշավոր հանցագործության այս լուռ եւ տխուր հուշարձանը:

Նույն համատեքստում Երեւանում պատրաստվում ենք անցկացնել անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով: Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը, որը վերջին տարիներին մեծ հնչեղություն է ձեռք բերել` հաշվի առնելով այդ նախաձեռնության նպատակների կարեւորությունը: Հայաստանը Եվրոպայի խորհրդում իր նախագահության շրջանակում աջակցելու է նաեւ «Ո՛չ ատելության խոսքին» շարժմանը` կարեւորելով առցանց երիտասարդական արշավը` ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Ողջակիզման ավարտի 70-ամյակը: Համոզված եմ, որ այս կարեւոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այլեւս երբեք ցեղասպանության որեւէ արարք կամ դրսեւորում չպետք է դառնա սպառնալիք եւ կործանարար գործիք՝ ընդդեմ մարդու գոյության եւ արժանապատվության գերակայության»: