Հունիսի 22-ից Երեւան-Սեւան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահությունները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, նշվել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել ավտովթարներից տուժածներին եւ ծանր հիվանդներին անհարկի մայրաքաղաք տեղափոխելու դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, արդիականացված հիվանդանոցների ղեկավարներին հանձնարարվել է բժշկական օգնությունը տեղում կազմակերպելու նպատակով անհրաժեշտության դեպքում դիմել նախարարության գլխավոր մասնագետների օգնությանը, եթե չկա բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն, որը կարելի է միայն Երեւանում ապահովել։

Ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ քննարկել է մրցույթների անցկացման արդյունքում ունեցած ֆինանսական տնտեսումներն այդ նույն ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղելու հարցը։ Մասնավորապես, շինարարական մրցույթներից առաջացած խնայողություններով առաջարկվել է վերանորոգել գյուղական եւս 6 ամբուլատորիա եւ Մեծամորի պոլիկլինիկայի տարածքը։

Նախարար Դումանյանը ՀԲ մասնագետներին նաեւ առաջարկել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության արդականացման արդյունքում շահագործումից հանված մեքենաները, որոնք քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տրամադրել նախարարությանը, մրցույթներից տնտեսված միջոցներով նորոգել եւ հատկացնել հեռավոր գյուղերի ամբուլատորիաներին։ Քննարկվել են նաեւ առողջապահության համակարգի եւ առաջին հերթին մարզային կառույցների օպտիմալացման, քաղաքային բնակավայրերում ընտանեկան բժշկի համակարգի ընդլայնման եւ այլ հարցեր։

Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել է առավել ակտիվորեն ընդգրկվել ոլորտում ընթացող բարեփոխումների ծրագրերում։