Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը հունիսի 29-ից հուլիսի 8-ը կազմակերպում են Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների եւ թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթն անցկացվում է 1987 թվականից՝ երեք տարին մեկ:
Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի ջութակահարների եւ թավջութակահարների, նպաստել նրանց ուսմանն ու ստեղծագործական գործունեությանը, աջակցել միջազգային մրցույթներին մասնակցելու հարցում, ինչպես նաեւ՝ հանրահռչակել հայ կոմպոզիտորների լարային ստեղծագործությունները:
Ա. Գաբրիելյանի եւ Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների եւ թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթին ՀՀ մարզերից եւ մայրաքաղաքից կմասնակցեն ավելի քան 30 պատանի ջութակահարներ եւ թավջութակահարներ հետեւյալ տարիքային խմբերում. ջութակահարներիկրտսեր խումբ /մինչեւ 12 տարեկան/ եւ ավագ խումբ /13-15 տարեկան/, թավջութակահարների կրտսեր խումբ /մինչեւ 13 տարեկան/ եւ ավագ խումբ /14-16 տարեկան/:
Մրցույթի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Կազմկոմիտեի կազմում ընդգրկված են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արամ Գյուրջյանը, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի տեղակալ Դմիտրի Առաքելյանը եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակի արժանացած մասնակիցները կստանան «Դափնեկրի դիպլոմ»-ներ եւ դրամական պարգեւներ: Մրցութային ծրագրի երկրորդ փուլ անցած մյուս մասնակիցները կարժանանան պատվոգրերի: Սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ:




























