Վանաձորի ծերանոցում, հունիսի 28–ին, տեղի կունենա «Տնական ուտելիքի օր» խորագրով կամավորական ակցիան: Ակցիայի ընթացքում Լոռիի մարզի` Ախթալայի, Դսեղի եւ Մարգահովիտի ՀԵՆԱ /Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ/ անդամները իրենց ընտանիքների եւ համայնքների ղեկավարների հետ կպատրաստեն տարբեր կերակրատեսակներ` Վանաձորի ծերատան բնակիչներին բաժանելու նպատակով: Նախատեսվում է նաեւ երաժշտական եւ պարային համարներ երիտասարդների մասնակցությամբ:

Կամավորական ակցիան իրականացվում է Կամավորություն + Գործողություն = Փոփոխություն ծրագրի շրջանակներում: ԿԳՓ-ի նպատակն է բարձրացնել կամավորական աշխատանքի արժեքը եւ կամավորության ազդեցության դերը անհատի եւ համայնքի զարգացման գործում:

Ծրագրի կազմակերպիչներն ակնկալում են Հայաստանի մարզերում հանրային միջոցառումների միջոցով տարածել կամավորության մշակույթը եւ ներգրավվելով համայնքային տարբեր շերտերի` բազմապատկել ծրագրի արդյունքները:

Ծրագիրն իրականացնում է Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: