Երեւանի կենդանաբանական այգում, հունիսի 28-ի առավոտյան, տեղի կունենա «Կանաչ դպրոց» նախագծի եզրափակիչ միջոցառումը: «Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ:

2010 թ-ին Վանաձորի թիվ 10 դպրոցում իրականացվել է ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի փորձնական փուլը, իսկ 2012 թվականի նոյեմբեր ամսից Կոկա-Կոլա հիմնադրամի շնորհիվ հնարավոր է դարձել ընդլայնել «Կանաչ դպրոց»-ների ցանցը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն շուրջ 200 աշակերտ՝ Դիլիջանի թիվ 4, Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2, Վեդու Խ. Սողոմոնյանի անվան թիվ 2, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2, Ուրծաձորի եւ Գողթի դպրոցներից:

Միջոցառման հատուկ հյուրերն են ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Կոկա-Կոլա հիմնադրամի, Կրթության ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ մի շարք բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նույն օրը կամփոփվեն 6 ամիսների ընթացքում նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Նախագծի մասնակից աշակերտներին եւ ուսուցիչներին կշնորհվեն մրցանակներ եւ հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցը կարժանանա «Կանաչ դպրոց» կոչմանը, ինչն էլ կխորհրդանշի, որ դպրոցը հավատարիմ է կանաչ ապրելակերպի սկզբունքներին: