Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքավայրի յուրացմամբ, Տրանսադրիատիկ գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) շինարարության նախագիծը պաշտոնապես հայտարարել է Եվրոպա գազ արտահանելու երթուղի: Այս մասին հունիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում BP ընկերության տարածաշրջանային նախագահ Գորդոն Բիրելը:
«Ադրբեջանն արդեն իրեն դրսեւորել է որպես գազի վստահելի մատակարար: Վերջին երկու տարիներին մենք ադրբեջանական գազի արտահանման երթուղին էինք ընտրել եւ ճիշտ ընտրություն էինք կատարել: Շահ Դենիզից գազը Եվրոպա կգնա Տրանսադրիատիկ գազատարով», - ասել է Բիրելը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ նրա` ներկայումս Շահ Դենիզ հանքավայրից ամեն տարի արդյունահանվում է 9 միլիարդ խմ գազ, 2-րդ փուլի շրջանակում արդյունահանվելու է 16 միլիարդ խմ գազ, որից 10 միլիարդը մատակարարվելու է Եվրոպա:
Հիշեցնենք, որ Shah Deniz II կոնսորցիումը ադրբեջանական գազի մատակարարման համար ընտրություն է կատարել Nabucco-West-ի եւ Տրանսադրիատիկ գազատարի միջեւ: Հունիսի 26-ին TAP-ի օգտին որոշում կայացնելու մասին հայտնել էր Ավստրիայի OMV ընկերությունը, որը մասնակցում էր Nabucco West-ի շինարարությանը, սակայն BP-ից պաշտոնական հաստատումն ստացվել է միայն այսօր:
ВР-ն հրաժարվել է Nabucco խողովակաշարը լցնել ադրբեջանական գազով
Նշենք, որ TAP-ը եւ Nabucco West-ը ռուսական South Stream-ի մրցակիցներն են, որը Ռուսաստանից Սեւ ծովի հատակով Բուլղարիայի միջով անցնելու է դեպի Իտալիա եւ Ավստրիա: Ռուսաստանցի փորձագետները «Կոմերսանտի» հետ զրույցում նշել են, որ «Գազպրոմը» պետք է նախապատրաստվի լուրջ մրցակցության եվրոպական շուկայում, քանի որ իտալական շուկան անսահման չէ, եւ ադրբեջանական գազն այնտեղ կզբաղեցնի South Stream-ի նախանշած տեղը, իսկ DESFA –ի վաճառքի դեպքում «Գազպրոմը» «կարող է հրաժեշտ տալ» Հունաստանի շուկային:
«Կոմերսանտ». Ադրբեջանական գազը եվրոպական շուկայում ռուսական գազի մրցակիցը կլինի


























