Հայաստանում հունիսի 28-ին տոնել են Ավիացիայի, ՀՕՊ եւ Ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումների օրը (ֆոտոռեպորտաժ): «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունեցել տոնական հանրահավաք, տեխնիկայի եւ բարձր պիլոտաժի ցուցադրություն, միջոցառումն ավարտվել է տոնական համերգով:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է օդուժի նշանակությունը երկրի տարածքային ամբողջականության, անվտանգության եւ անկախության ապահովման հարցերում: «Մենք կարողացանք հաղթել մեզ պարտադրված պատերազմում»,-ընդգծել է նախարարը, հավելելով, որ բանակի ամրապնդման հարցում ներդրվում են ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլեւ ամբողջ հասարակությունն ունի իր ներդրումը: Հանդիսավոր մասն ավարտվել է մրցանակների հանձնման արարողությամբ եւ քայլերթով:
Ի ուրախություն օդանավակայանում հավաքված հանդիսատեսի, 1 ժամից ավել տեւած շոու-ծրագրի ընթացքում ներկայացվել են զանազան օդային հնարքներ` տակառ, կիսատակառ, ութ, «հակառակ թռիչք» եւ այլն: Ցուցադրվել են «Յակ-55» եւ «Սու-25» ռազմաուսումնական ինքնաթիռները: Նման միջոցառմանն առաջին անգամ մասնակցել են «Լ-29» ուսումնամարզական ինքնաթիռները: Ցուցադրական թռիչքներին մասնակցել են նաեւ «Մի-8» եւ «Մի-24» ուղղաթիռները:
«Սա իսկապես համազգային տոն է: Նմանատիպ յուրաքանչյուր տոն թույլ է տալիս հիշել անցած ուղին: Կարող եմ ասել, որ ՀՕՊ-ն ու օդուժը բանակի ստեղծման առաջին իսկ օրից իրականացրել են իրենց առաջ դրված առաջադրանքները: Զարգանում են մեր ռադիոէլեկտրոնային պաշտպանության հնարավորությունները»,-լրագրողների հետ զրույցում ընդգծել է Սեյրան Օհանյանը:





























