Միակողմանի զիջումների հասնելու Բաքվի փորձերը պարզապես դատապարտված են: Այս մասին այսօր` հունիսի 28-ին, լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պատասխանելով Բաքվի կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին` Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հայտարարությունները միշտ էլ ուղղված են որեւէ նպատակի` կամ ներքին խնդիրների լուծման, կամ էլ  միակողմանի զիջումների հասնելու  ջանքեր են: «Մի անգամ մեզ արդեն ներքաշել են պատերազմի մեջ, եւ մեզ հաջողվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղն ու մեր սահմանները, այսօր անհնար է մեզ ստիպել միակողմանի զիջումների գնալ», - ընդգծել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայկական կողմը հարցը քաղաքական, խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է` փոխադարձ ըմբռնման պայմաններում:

Պատասխանելով  հարցին, թե մեծ է արդյոք  պատերազմի հավանականությունը, Սեյրան Օհանյանը հայտնել է, որ սպառնալիքը միշտ էլ առկա է:  «Մենք ամեն օր էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի եւ այդ պատճառով էլ ամեն օր կատարելագործում ենք մեր հնարավորությունները: Սակայն այսօրվա դրությամբ հավանականությունը մեծ չէ` չնայած լարվածությանը»:

Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառված սպառազինությանը` նախարարը նկատել է, որ, իհարկե,  թշնամու կողմից ցանկացած սպառազինման ձեռքբերում անհանգստացնոմ է: Սակայն ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է, եւ մենք պահպանում ենք ուժերի  հավասարակշռությունը որակյալ գործոնի շնորհիվ`  գերճիշտ եւ հեռահար սպառազինում,  անձնակազմի պատրաստվածության լավագույն մակարդակ, նշել է Ս. Օհանյանը: