2012-ի դեկտեմբերին Լոռիի մարզի Պետրովկա համայնքում հոգեկան խնդիրներ ունեցող որդու կողմից սպանված մոր փոքր որդին`11-ամյա Սեյրան Ավագիմովը արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղափոխվել է Վանաձորի մանկատուն: Դեպքից մինչ օրս երեխան բնակվել է հարազատների տանը, սակայն երեխային մշտապես պահելու հարցը ոչ ոք չի ստանձնել: Լոռիի մարզպետարանի եւ համայնքի ղեկավարի միջնորդությամբ երեխան տեղափոխվել է մանկատուն:
Հիշեցնենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 18-ին, 20-ամյա Յուրի Ավագիմովը բռունքցքների բազմաթիվ հարվածներով սպանել էր հարազատ մորը: Ավագիմովների ընտանիքը բաղկացած էր 5 անձից`մայրը, հայրը, մայրասպան որդին եւ երկու երեխաները`քույր եւ եղբայր: Դատարանը Յուրի Ավագիմովին ազատել է քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրան տեղափոխել են հոգեբուժարան: Մոր սպանությունից հետո կարճ ժամանակ անց ամուսնացել էր նաեւ ընտանիքի աղջիկ երեխան`Կաթնառատ գյուղում, իսկ տան ամենափոքրը`11-ամյա Սեյրան Ավագիմովը, մնացել բարեկամների խնամքին, ովքեր այս ողջ ընթացքում պահել են նրան, սակայն մշտական խնամքի վերնելու գործը ոչ ոք չի ստանձնել:
Չնայած միակողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքին, 11-ամյա տղան մինչ օրս չի ստանում պետության կողմից իրեն տրամադրվելիք թոշակը: Հստակեցված չի եղել նաեւ նրա կարգավիճակը, քանի որ մինչ օրս չի տրամադրվել մոր մահվան վկայականը: Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը կարծես թե լուծվում է եւ առաջիկա օրերին արդեն իրենք կունենան երեխայի մոր մահվան վկայականը, ինչն էլ առաջին հերթին կլուծի նախ երեխայի կարգավիճակի, այնուհետ նաեւ`թոշակավորման հարցը. «Մոր մահից հետո ոչ համայնքը, ոչ բարեկամները եւ ոչ էլ ոչ ոք չի հետաքրքրվել թղթաբանությամբ, դրա համար էլ այսքան ժամանակ ձգձգումներ են եղել»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ նշված թոշակը պետք է կուտակվի երեխայի անձնական հաշվին՝ մինչեւ 18 տարեկանը, որից հետո վերջինս անձամբ կտնօրինի այդ գումարը, եւ որքան շուտ կարգավորվի այդ հարցը, այնքան շատ գումար կավելացվի երեխայի հաշվին: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հետեւողական կլինի երեխայի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Նախորդ նյութերը այստեղ
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























