Գյումրիում կբացվի Եվրասիական երիտասարդական ռազմահայրենասիրական ճամբար «Ապագան կերտվում է այսօր» խորագրով: Ճամբարի բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին, ժ. 17:00-ին:
ԱՊՀ երկրների երիտասարդական միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ճամբարը գտնվում է ռուսական 102-րդ ռազմակայանի անմիջական հարեւանությամբ: Ռազմահայրենասիրական ճամբարի կազմակերպման գլխավոր նպատակն է հոգեպես եւ բարոյապես զարգացնել ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդին` սոցիալական պատասխանատվության, աշխատասիրության եւ ստեղծագործական ոգով: Եվրասիական ճամբարն ուղղված է հետխորհրդային տարածքի երիտասարդության մեջ քաղաքացիական պատասխանատվության, իրենց պետությունների պաշտպանության եւ զինվորական ծառայության ձեւավորմանը:
Ռազմահայրենասիրական ճամբարի մասնակիցներ կդառնան ԱՊՀ երկրների երիտասարդության ներկայացուցիչները, որոնք ստանում են ընդհանուր միջին, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ԱՊՀ եւ հետխորհրդային երկրների տարածքում:
Եվրասիական ճամբարի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Կ. Վոլինկինը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Ա. Օ. Նիկողոսյանը:





























