Շատ ավելի դժվար է օդաչուի կին լինել, քան օդաչու: Իր կարծիքը NEWS.am-ի թղթակցի հետ կիսել է օդուժի փոխգնդապետ Գեւորգ Մանուկյանի կին Ալլա Բեջանյանը:
«Հատկապես, եթե տունդ օդանավակայանից հեռու չի տեղակայված, անընդհատ լսում ես շարժիչների աղմուկը: Եթե ինչ-ինչ պատճառներով աղմուկը դադարում է, միանգամից անհանգստանում ես: Դժվար է սպասել»,-ընդգծել է Ալլա Բոյաջյանը: Ինքն էլ ժամանակին օդաչու լինելով` Բեջանյանը թռիչքների եւ սեփական զգացումների մասին կարճ է խոսում. «Պետք է թռչես, որ հասկանաս»: «Սակայն հասկանում ես, երբ կորցնում ես: Իմ կյանքի մեծագույն կորուստներից էր թռչել դադարեցնելը: Մինչ օրս օդանավ տեսնելիս լացում եմ, ինչպես հարազատ մարդու տեսնելիս»,-ժպտում է Ալլա Բեջանյանըը:
Բեջանյանի ընտանիքում օդաչուները շատ են` սկեսրայր Պողոս Մանուկյանը քաղաքացիական օդաչու է եղել, ամուսինն ու որդին` ռազմական օդաչուներ են: Ռազմական օդաչու է նաեւ տեգրը՝ Աշոտ Մանուկյանը, զարմիկը` Սարգիսը, Ավիացիոն ինստիտուտի կուրսանտ է: «Առայժմ այսքանը, սակայն հուսով եմ, որ շարունակություն կլինի»,-նկատել է Ալլան:





























