Ջրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ հայտնաբերված, ապա Երեւանի «Մանկան տուն» տեղափոխված նորածնի` Մարիամիկի մայրը այդպես էլ չգտնվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Երեւանի «Մանկան տուն» կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Ավելին` մոտ մեկ ամիս է` Մարիամիկն արդեն իր նոր ընտանիքում է: Տնօրենը նշեց, որ երեխային որդեգրել են Հայաստանում, երիտասարդ մի ընտանիք: «Երեխան ուրախ, զվարթ, իրենք էլ` ուրախ, զվարթ, նորմալ ընտանիք էր»,- հայտնեց տնօրենը: Մարիամիկի գտնվելու առաջին իսկ  օրվանից ամուսնական զույգը հետաքրքրվում էր երեխայով, անընդհատ զանգում, հարցնում եւ սպասում, թե երբ կսկսվի նրա որդեգրման գործընթացը:

Մոտ մեկ ամիս առաջ էլ դատարանի որոշմամբ` նրանք որդեգրեցին երեխային: Տնօրենը վստահեցնում է, որ Մարիամիկը հուսալի ձեռքերում է, լավ ընտանիքում է, ովքեր շատ ուշադիր են մանկիկի նկատմամբ, պարբերաբար զանգում են եւ տեղեկացնում երեխայի վիճակից: Այլ տվյալներ երեխայի եւ նրան որդեգրող ընտանիքի մասին չի հաղորդվում,  քանի որ այդ ամենը գաղտնիք է համարվում:

Տնօրենը նկատեց, որ եթե Մարիամիկի մայրը հայտնվեր մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը եւ ցանկություն հայտներ երեխային հետ վերցնել, նրան կհանձնեին մորը: Բայց եթե վճիռը մտել է  ուժի մեջ, երեխայի նկատմամբ բոլոր իրավունքները այժմ որդեգրողինն են: Տնօրենի կարծիքով` երեխայի անունը նոր ծնողները կփոխեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին էր նկատել ու ահազանգել իրավապահներին:  Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով էր նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ: